Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Thursday, January 29, 2015

Անի. հազար ու մի եկեղեցիների քաղաք

Անին Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկն է, գտնվում է Շիրակում՝ Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից, սկզբնապես մտել է Կամսարական նախարարական տան կալվածքների մեջ։ Քաղաքն ունեցել է զարգացման 3 շրջան՝Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։

Հայոց թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք։ Դվինը շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն, իսկ այն արաբներից մաքրելու համար մղվող պայքարն առայժմ հաջողությամբ չէր պսակվում։ Բացի այդ, Դվինը դուրս էր Բագրատունիների հիմնական տնտեսական կենտրոն Շիրակից։ Նրանք անգամ թագավորանիստ Կարս քաղաքը տնտեսական առումով հարմար չգտան դարձնելու մշտական մայրաքաղաք։ Երկրի տնտեսական զարգացումն ինքնաբերաբար ծնեց այդպիսի կենտրոն։ Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որըԲագրատունիները 961 թ հռչակեցին մայրաքաղաք։ Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ Անին, դառնալով մայրաքաղաք, արագ աճեց ու կառուցապատվեց շքեղ շինություններով և պարսպապատվեց։
Կեռխաչ՝ Անիի պարիսպների վրա
Նոր մայրաքաղաքի հիմնումը խորհրդանշում էր ոչ միայն Բագրատունյաց թագավորության հզորացումը, այլև այսրկովկասյան տերություն լինելը։ Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունը միացվեց Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսության հետ։ Անի էին հրավիրված Հայաստանի և հարևան երկրների՝Վիրքի, Աղվանքի նշանավոր դեմքերը։ Այդ հանդիսությունները ժամանակակիցների վրա այն տպավորությունն էին գործում, որ կարծես վերականգնվել էր Հայ Արշակունիների թագավորությունը։
Աշոտ Գ-ն և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը բարեկարգելու, ամրացնելու համար։ 963-964թթ կառուցվեց արագ աճող քաղաքն ընդգրկող աշտարակներով ամրացված պարիսպների առաջին գիծը (Աշոտաշեն պարիսպներ)։ Հետագայում Անին այնքան արագ ընդարձակվեց, որ Սմբատ Բ-ի օրոք՝ 989 թ, անհրաժեշտ եղավ կառուցել քաղաքի պարիսպների երկրորդ գիծը (Սմբատաշեն պարիսպներ)։
«Չեմ սխալիր, եթե ըսեմ,- գրում է նշանավոր ճարտարապետ Թորամանյանը,- որ մոտավորապես 2500 մեթրեն ավելի երկարությամբ պարիսպ է շինված Սմբատիձեռքով քաղաքի շուրջը, առնվազն 8-10 մեթր բարձրությամբ և մեկ մեթր թանձրությամբ, ամբողջովին կրաշաղախ մածուցիկ հրաբխային ավազաքարերով, երկու կողմեն սրբատաշ։
Ճարտարապետական հոյակապ շինություններով մայրաքաղաքի կառուցապատումը շարունակվեց նաև հետագա տասնամյակներում։ Քաղաքն ուներ ընդարձակ շուկա, իջևանատներ։ Այնտեղ կառուցվել էին տասնյակ եկեղեցիներ, տաճարներ, պալատներ, շքեղ հյուրանոցներ, աշխարհիկ բազմաթիվ այլ շենքեր։ Ժողովրդի ասելով՝ Անին ուներ հազար ու մի եկեղեցի։ 961 թ Աշոտ Ողորմածը դարձնում է Անին իր երկրի մայրաքաղաքը։ 989 թ Սմբատ Բ արքան կառուցում է Սմբատաշեն պարիսպը, որն ուներ 2500 մ երկարություն, 8-10 մ բարձրություն։ Այն ավարտվում էր ատամնաշարով։ Պատերից մեկի վրա Սմբատ Բ-ի քանդակն էր, ձեռքում՝ քաղաքի մանրակերտը։
Քաղաքն ունեցել է 40 դուռ, ամրոցը շրջապատվել է խորը փոսով։ Ախուրյան գետի վրա կառուցվել է կամուրջ, որը թշնամու հարձակման ժամանակ բարձրացվում էր։ Արհեստանոցները կառուցված էին իրար մոտ, ըստ արհեստների, զբաղեցնում էին ամբողջական թաղամասեր։ Թագավորական պալատի ընդհանուր մակերեսը 3500 - 4000 քառակուսի մետր է։ Պալատի սրահների պատերը զարդարված էին աշխարհիկ թեմաներով կատարված որմնանկարներով։ Գործում էր յոթ սրահներից բաղկացած պալատական բաղնիք՝ սառը և տաք ջրի ավազաններով, խողովակաշարի միջոցով օգտագործված ջրի հեռացմամբ։
Անին հայտնի էր իր եկեղեցիներով։ Միայն պալատական համալիրի մեջ մտնում էր 7 եկեղեցիներ, որոնցից ամենավեհասքանչը Մայր տաճար Սուրբ Աստվածածին եկեղեցին էր։ Անիի զվարթնոցատիպ Գագկաշեն եկեղեցին, որը ոչ թե վերջինիս կրկնությունն էր, այլ կատարելագործված տարբերակը։ Այստեղ, պատերից մեկի վրա ամրացված էր Գագիկ թագավորի 2,26 մ բարձրություն ունեցող արձանը։ Անիի այլ հայտնի եկեղեցիներն էին՝ Անիի Սուրբ Առաքելոցը, Ս. Փրկիչը, Տիգրան Հոնենցու, Մանուչեի եկեղեցիները։ Վերջինս հետագայում վերածվել է մզկիթի։
Անին առևտրական հանգույց էր զանազան երկրների միջև։ Չինաստանից ներմուծվում էր մետաքս և ճենապակի, Բյուզանդիաից, Կիլիկիայից և Եգիպտոսից՝ նկարազարդ ապակեղեն, ներկեր, Պարսկաստանից՝ ճենապակի և այլն։ Անին նաև արդյունաբերող քաղաք էր. այստեղ արտադրվում էին բարձրորակ խեցեղեն, պղնձե իրեր, գորգեր, ոսկուց, արծաթից և այլ մետաղներից պատրաստված զարդեղեն, զենք, որոնք լայն պահանջարկ ունեին։ Անիի պեղումների ընթացքում հայտնաբերված կիրառական արվեստի նմուշները աչքի են ընկնում բազմազանությամբ, ոճերի և ճաշակների խայտաբղետությամբ։
Քաղաքում գործել են բազմաթիվ դպրոցներ, որոնցից հռչակված էր Հովհաննես Իմաստասերի կողմից հիմնած համալսարանը։
Աղբյուրը՝ www.hy.wikipedia.org
Հ.Գ. Բոլոր լուսանկարներն իմն են:

0 comments:

Post a Comment