Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Thursday, August 27, 2015

Ողջույններ Ամերիկայից

Ողջույն, Սեբաստացիներ, ողջույն, կրթահամալիր(ընդհանուր պարապմունքները հիշեցի): Արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ ԱՄՆ-ում եմ, Փենսիլվանիա նահանգի Միդվիլ քաղաքում: Երևի գիտեք, որ կրթական փոխանակումների ծրագրի եմ մասնակցում: Ապրում եմ ամերիկյան հյուրընկալող մի ընտանիքում` Դիների ընտանիքում: Իսկը Սեբաստացի ընտանիք է` հեծանվով, աղբը վերամշակելով, ճամբարների` այն էլ վրանային ճամբարների մասնակցելով և այլն(Սեբաստացին արդեն որակ է դարձել): Իսկապես, շատ լավն են ընտանիքիս անդամները` հոգատար, բարի, ջերմ:

Քաղաքը շատ մեծ չէ` մոտ 14 000 բնակչություն ունի, սակայն դա չի խանգարում, որ քաղաքը զարգացած լինի, ինչպես որ մեզ մոտ է` Հայաստանում:
Շատ լավ բնություն ունենք` մաքուր, խնամված: Առաջին հայացքից էկոլոգիական խնդիրներ չեմ նկատել տարածքում: Ամենուր կանաչ է: Այն դեպքում, որ փողոցների վրա կամ առհասարակ դրսում աղբամաններ գրեթե չկան տեղադրված, ճամփեզրերին երբեք չես տեսնի պոլիէթիլենային տոպրակներ կամ այլ տեսակի աղբ: Անգամ վերջերս երբ դուրս էի եկել հեծանիվով տարածքին ծանոթանալու, մինչև տուն հասնելս պաղպաղակի թուղթը գցելու համար աղբաման չգտա: Գովելի է: Նաև ավելացնեմ, որ վերամշակված աղբից քաղաքում կարելի է տեսնել որոշակի զարդարումներ:
Օրինակ` որոշ ցանկապատեր, ուղղակի արձան-զարդարումներ պատրաստված են հին, անպիտան ճանապարհային նշաններից:
Փորձեմ պատմել մարդկանց, ասել է թե` ամերիկացիների մասին: Շատ ընկերական են, բարի, բոլորը միմյանց բարևում են, ջերմ են իրար հետ: Երբ իմանում են, որ տեղացի չես, օտարերկրացի ուսանող ես, անպայման հետաքրքրվում են, թե որտեղից ես ու ցանկանում, որ հիանալի տարի ունենաս իրենց երկրում: Ի դեպ, ցավոք, բայց շատերը չէ, որ տեղյակ են մեր երկրի գոյության մասին: Մեղավոր ենք:
Այստեղի դասերս սկսվում են սեպտեմբերի 2-ին: Այսօր գնացել էինք դպրոց` ուսումնական պլանս կազմելու: Մեծ դպրոց է ու ընտրելու շա~տ առարկաներ կային: Փորձեցի ընտրել լավագույնները:
Իհարկե, մի փոքր կարոտել եմ բոլորին, բայց ընդամենը մի տարի է: Հուսով եմ` առանց ինձ սոված չեք մնա:
Ես դեռևս կրթահամալիրի սովորող եմ` հեռավար ուսուցմամբ, այնպես որ չիմանաք, թե այլևս կապ չունեմ կրթահամալիրի հետ: Կայքին ամեն օր հետևում եմ, ծանոթ եմ Սեբաստացիների առօրյային և այնպես կանեմ, որ դուք էլ ծանոթ լինեք Ամերիկայում գտնվող մեկ այլ Սեբաստացու առօրյային:
Մինչ հանդիպում)

0 comments:

Post a Comment