Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Friday, October 31, 2014

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

Էկոլոգիա. նախագիծ 1
Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

«Մարդու և բնության մեջ ներդաշնակություն հաստատելու միակ ձևը բնությունը պահպանելն է»
Ալդո Լեոպոլդ


Մարդ. մի արարած, մի կենդանի, որը իր գոյության առաջին իսկ վայրկյանից սկսում է օգտագործել բնության ստեղծած բարիքները: Երբ մենք ծնվում ենք, սկսում ենք շնչել այն թթվածինը, որը ծառերն ու բույսերն են արտադրում, ուտում ենք այն արարածների միսը, որոնք մեզ նման շնչավոր էակներ են, միայն այլ անվանմամբ՝ կենդանի (Չնայած՝ մարդը նույնպես կենդանատեսակ է):Այսօր ամեն մի քայլափոխի գետնին կհանդիպես պլաստիկ շշերի, չիփսերի տուփերի ու պոլիէթիլենային տոպրակների, մեքենայով ճամփորդելիս կտեսնես հարյուրավոր գործարաններ, որոնք իրենց արտանետումներով աղտոտում ենք մեր միջավայրն ու մթնոլորտը: Բարեբախտաբար, գործարանների ավելացման հետ համընթաց ավելանում են բնապահպանական կազմակերպություններն ու անհատները, ովքեր թույլ չեն տալիս, որպեսզի անիմաստ կտրվի մեկ ծառ, չորացվի մի գետ...


Հիմա ապրում եմ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Այստեղի էկոլոգիական վիճակը գնահատելը այդքան էլ հեշտ բան չէ, քանի որ կան հատվածներ, որոնք զերծ են աղբից, մթնոլորտային աղտոտումից, բայց կան նաև վայրեր, որտեղ ճիշտ հակառակ պատկերն է: Շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառը միմիայն մարդկանց ցածր կրթվածության աստիճանն է: Եթե մարդը հասկանա, գիտակցի, որ իր ձեռքի աղբը գետնին գցելով միայն իրեն է վնասում, կարծում եմ՝ մյուս անգամ էլ նման բան չի անի: Մարդիկ էկոկիրթ չեն, միայն մտածում են իրենց մասին: Հասարակության մեծ մասը այսպես է մտածում. «Լավ, ոչինչ, էս մի շշով, որը գետնին գցեցի, շրջակայքս չի աղտոտվի»: Բայց չէ՞ որ մեկ շշին գումարած մյուս շիշը, գումարած մեկ տոպրակ, գումարած մեկ քաղցրավենիքի տուփ ևստացվեց մի ահռելի աղբանոց: Բնականաբար, ես երբեք աղբ չեմ գցում գետնին, քանի որ այն դնելով գրպանիս մեջ կամ ձեռքիս պահելով կարող եմ քայլել այնքան, մինչև կհանդիպեմ աղբամանի: Բացի այդ, եթե սկսենք վերամշակել աղբը, ապա 70-80 տոկոսով կկրճատվի մեր ամենօրյա աղբի քանակը:

Ինչպես գիտենք, աղտոտվածության շատ տեսակներ կան, որոնցից առավել շատ տարածված են քիմիական, կենսաբանական և ֆիզիկական աղտոտումները: Երևանում առավել տարածված է ֆիզիկական աղտոտվածությունը: Փողոցում քայլելիս շատ հաճախ մեքենաներ են անցնում, որոնցից ինքնաթիռի ձայն է գալիս, մետրոյի կայարանում երբ մետրոն գալիս է, էլի բարձր աղմուկ է լինում, և հենց այս բարձր ձայները զգալիորեն ազդում են մեր թե ֆիզիկական թե հոգեբանական առողջության վրա: Օրինակ՝ Կանադայում աղմուկը բացառելու նպատակով, մետրոները երթևեկում են ռետինե անիվների վրա, մինչ դեռ Երևանում թե՛ անիվները, թե՛ ռելսերը երկաթյա են: Մարդը առավելագույնը ի վիճակի է լսել 80դբ ձայն, սակայն 5-10 րոպե այդ քանակի ձայն լսելիս, մենք վտանգի ենք ենթարկում մեր առողջությունը: Երևանում ցերեկը աղմուկը չպետք է գերազանցի 70դբ-ն, իսկ գիշերը՝ 60դբ-ն: Առաջարկում եմ ընթերցել այս նյութը, որտեղ մանրամասնորեն ներկայացված է, թե ինչպես է աղմուկը ազդում մեր առողջության վրա:
Երևանի բազմահարկ շենքների մեծ մասում կան աղբատար խողովակներ, մեր շենքում նույնպես: Տան աղբը շքամուտքում գտնվող խողովակի մեջ ենք գցում, բայց խողովակը այնքան կեղտոտ է, որ մի քանի մետրից գարշահոտում է: Իրականում, խողովակում աղբը երբ երկար է մնում, առաջանում է կապար: Կապարն, ըստ կենդանի օրգանիզմների վրա ունեցած ազդեցության, պատկանում է խիստ վտանգավոր նյութերի թվին, այսինքն՝ կապարի անվտանգ չափաքանակ գոյություն չունի: Այն մարդու օրգանիզմ թափանցում է կերակրափողի, շնչուղիներիմաշկի միջոցով և աստիճանաբար կուտակվում օրգանիզմում: Կապարը թունավոր է և վտանգավոր նրանով, որ, անցնելով օրգանիզմ, ոչ թե քայքայվում է, այլ՝ կուտակվում։ Այն կարող է ժամանակ առ ժամանակ թափանցել արյան մեջ ու առաջ բերել կապարային հիվանդություններ։ Բացի այդ, արյան մեջ երբ ավելանում է կապարի քանակը, զգալիորեն նվազում է մտավոր զարգացման գործակիցը: Իսկ մենք ամեն օր՝ շքամուտքով տանից դուրս ելնելիս, և տուն մտնելիս, շնչում ենք կապարով հարուստ օդ:

Շրջակա միջավայրը վերահսկողները բացի ՀԿ-ներից, հենց մենք ենք: Աշխարհում կան հազարավոտ բնապահպանական կազմակերպություններ, որոնք զբաղվում են շրջակա միջավայրի մոնիթորինգով: Եթե չլինեն այդ մոնիթորինգները, ապա տեղից էլ անտեսվածության մատնված էկոլոգիական խնդիրները էլ ավելի կանտեսվեն ու այդպես էլ լուծում չեն ստանա: Օրինակ՝ մոնիթորինգ է անցկացվում և պարզվում, թե տվյալ տարածքում օդը որքանով է աղտոտված և այլն: Հաճախ մոնիթորինգներ են անցկացվում Սևանա լճում՝ պարզելու ջրի մակարդակի բարձրացումը, լճում բնակվող կենդանատեսակների քանակը և այլն: Բայց ինչպես ասացի, բնությունը առաջինը վերահսկողները մենք՝ անհատներս ենք: Շրջակա միջավայրը բարելավելու համար նախ պետք է վիճակը չվատացնել՝ չաղտոտել, չվնասել բնությանը, ծառեր տնկել (Սակայն միայն համապատասխան վայրերում, որպեսզի էկոհամակարգերը չխախտվեն): Եթե մենք «չխանգարենք» բնությանը, ապա նա ինքն իրեն կվերականգնվի: Ավարտեմ Պուբլիոս Սիրոսի խոսքերով

«Ով չի կարողանում խնայել քիչը, չի պահպանի նաև շատը»:

0 comments:

Post a Comment