Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Tuesday, March 31, 2015

Թիֆլիսի ու Երևանի մշակութային կապը

Թբիլիսի կամ Թիֆլիս, մի քաղաք, որը սերտորեն կապված է հայերի ու հայկական մշակույթի հետ: Տեսե՛ք, թե ինչքան թիֆլիսահայ հանճարներ, հայտնի մարդիկ կան՝ Արամ Խաչատրյան, ՍայաթՆովա, Նար-Դոս, Սերգեյ Փարաջանով, Վիկտոր Համբարձումյան, Ալեքսանդր Մանթաշյանց, Իսահակ Ալիխանյան, ինչու չէ՝ Հովհաննես Թումանյան ու էլի բազմաթիվ մարդիկ: Երևանն ու Թբիլիսին այնքան նման են միմյանց. երկուսն էլ գեղեցիկ են իրենց հնի ու նորի համադրություններով:
Թիֆլիսն առհասարակ մեծ ազդեցություն է ունեցել հայ նշանավոր մարդկանց ստեղծագործական կյանքի վրա: Եղել է հայ մտավորականության կենտրոնը: Ասում են՝ Թբիլիսին կառուցել են հայերը ու մինչև 20-րդ դարի սկզբները Թբիլիսիի 47 քաղաքապետներից 45-ը հայ են եղել:

Երբ Թբիլիսիում էինք, այցելեցինք նաև Վրաստանում Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հետաքրքիր զրույց ունեցանք տեղի հոգևոր հովվի՝ Տեր Սամվել քահանա Թորոսյան հետ: Նա մեզ պատմեց եկեղեցու, թբիլիսահայերի մասին: Ըստ որոշ աղբյուրների, Թբիլիսիում հիմա ապրում է ավելի քան 80 000 հայ: Եկեղեցին այնտեղի հայերին համախմբելու միակ օղակներից է, որը կառուցվել է 19-րդ դարասկզբին: Այսօր նրանք հայերի հաշվառում են կազմակերպում, և արդեն 25 000 հայ գրանցվել է եկեղեցում: Սրբազանը հետաքրքիր պատմություն պատմեց Ալեքսանդր Մանթաշյանցի մասին, ով 20-րդ դարի հայ մեծագույն գործարար, բարերար է եղել: Մանթաշյանցն իր զավակներին հորդորել էր հայ կնոջ հետ կյանքը կապել ու հայկական ընտանիք ստեղծել, բայց, ցավոք, նրա ցանկությունը չէր կատարվել: Այժմ Մանթաշյանցի կիսանդրին կանգնած է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում: Ինձ համար Թբիլիսին յուրահատուկ նշանակություն ունի: Ինքս էլ հայ եմ ու սիրով սովորում եմ վրացերեն,հետաքրքրվում հարևան ժողովրդի պատմությամբ, մշակույթով:

0 comments:

Post a Comment